2018 թ․ հունիսի 15-16-ին «Ինտերնետ հանրություն» ՀԿ և «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա հանդիպում ռեգիստրարների հետ:

Անդրանիկ հանդիպմանը մասնակցում էին բոլոր ռեգիստրար կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մասնակիցներ ՀՀ Ոստիկանությունից և ԱԱԾ–ից: Հանդիպման արտագնա ձևաչափը կարևոր նորարական հարթակ հանդիսացավ միմյանց ավելի լավ ճանաչելու և քննարկելու համայնքին առնչվող հետաքրքիր հարցեր:

Հանդիպումը մեկնարկեց տնօրեն Արման Ներսիսյանի ողջույնի խոսքով, որում նշվեց, որ հանդիպման առանցքային նպատակը պետք է լինի գործողությունների և խնդիրների լուծման ճիշտ ու հստակ ուղիների դիտարկումն ու ընդունումը: Բանախոսներից էին Աննա Կարախանյանը, Դավիթ Կարապետյանը, Ալեքսանդրա Կուլիկովան (ICANN՝ հեռահար), Հրաչյա Հակոբյանը, Յուրի Կարգապոլովը (Ուկրաինա) և Արամ Օրբելյանը:

Դիտարկվող թեմաներն էին՝ վեբ անվտանգությունը Հայաստանում, ICANN և WHOIS, դոմենային անունների գրանցման քաղաքականությունը, դոմենային անունների վեճերի ուկրաինական փորձը, դոմենային անունների վեճերի լուծման արբիտրաժի կանոնները:

Քննարկումներն ամփոփվեցին համոզմամբ, որ նման հանդիպումները կլինեն շարունակական և հնարավորություն կտան առաջացող խնդիրների մասին բարձրաձայնել և լուծումներ փնտրել անկաշկանդ մթնոլորտում։

Այսպիսով՝ ակնկալում ենք արդյունավետ աշխատանք բոլոր ռեգիստրարների հետ ու միտված ենք էլ ավելի խորացնելու փոխգործակցությունն ու ներգրավվածությունը մեր համագործակցության շրջանակներում: